Կառույց, որտեղ պատմություն է կերտվել

«Ոստան» ռեստորանի շինությունը մեր քաղաքում պահպանված և վերականգնված պատմամշակութային ժառանգություններից մեկն է:
Կառույց, որտեղ պատմություն է կերտվել

«Ոստան» ռեստորանը միացել է «Ծիրանի» ռեստորանների ընտանիքին 2017 թվականի մայիսի 15-ին: «Ոստան» ռեստորանի շինությունը մեր քաղաքում պահպանված և վերականգնված պատմամշակութային ժառանգություններից մեկն է: Շենքը մինչ օրս իր յուրօրինակ ճարտարապետական կառուցվածքի, պահպանված գեղեցկության շնորհիվ շարունակում է հիացնել ոչ միայն երևանցիներին, այլև Երևան ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներին։

Նկատի ունենալով, որ շենքը ունի հարուրամյա պատմություն, որը լի է նշանակալի իրադարձություններով, դրա հետագա շահագործման ենթարկելու հարցին  հատուկ նրբանկատությամբ  են մոտեցել: Այստեղ հիմնական նպատակ է դարձել վերականգնել հայ պատմամշակութային արժեք ունեցող շինությունը:

Համաձայն 2015 թ. Մշակույթի նախարարությանը ներկայացված նախագծի՝ հուշարձան-շենքի գլխավոր ճակատների վերականգնման և վերանորոգման վերաբերյալ, շենքը ջրամեկուսացվել է, իսկ ճակատային մասը ամբողջովին վերականգնվել է: Շինարարական աշխատանքներից հետո շենքը ամբողջովին պահպանել է իր պատմական արտաքին տեսքը: Շենքի բոլոր կարևոր հատվածներն ու ներքին կառուցվածքը՝ Աբովյան փողոցին նայող երկրորդ հարկի կենտրոնական պատշգամբը, փայտյա զարդանախշ դուռը, դռան բռնակը՝ ոսկեգույն թռչունի տեսքով, աստիճանավանդակը, սալիկապատ հատակը, բակային հատվածի փայտյա զարդանախշ պատշգամբները նույնությամբ վերականգնվել են:


«Եղիազարյանի տան շինարարությունն առաջ է գնում. շուտով առաջին հարկը պատրաստ կլինի։ Հիանալի տուն է ստացվում»,- 1904 թ. իր նամակներից մեկում հանրահայտ՝ Աբովյան 8 հասցեում գտնվող 133-ամյա պատմություն ունեցող շենքի կառուցման մասին գրել է շինության ճարտարապետ Վասիլի Միրզոյանը, ում նեոդասական ճարտարապետական ոճը հաջողությամբ համադրվում էր հայկական ազգային ու փարիզյան «մոդեռն» ոճի ճարտարապետությանը։

Շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 1884 թվականին՝ որպես բնակելի առանձնատուն։ Բազմաթիվ վկայությունների համաձայն՝ շինարարությունը վերջնականապես իր ավարտին է հասցվել և շենքն իր ներկայիս տեսքն է ստացել 1905 թվականից ոչ շուտ: Այն պատկանել է Երևանի բնակիչ, քաղաքային դումայի պատգամավոր, հասարակական գործիչ և վաճառական Բարսեղ Եղիազարյանին: Նրա անունը կապված է քաղաքային բազմաթիվ իրադարձությունների, այդ թվում` Երևանի ջրմուղի կառուցման և առհասարակ բարեգործական գործունեության հետ։  Աբովյան 8 հասցեում գտնվող շինություն-առանձնատան կողքին` Պուշկինի փողոցի անկյունում, կանգնած է սեփականատիրոջ եղբոր Գրիգոր Եղիազարյանի տունը:

1914 թ. առաջին աշխարհամարտի և 1918 թ-ի Սարդարապատի ճակատամարտի ժամանակ Բարսեղ Եղիազարյանի ժառանգները տան երկրորդ հարկը զիջել են բարեգործական ընկերության անվան տակ հիմնված «Հայկական հիվանդանոցին» (30 մահճակալ), որը նախատեսված էր պատերազմում վիրավորված զինվորների համար: Հիվանդանոցը կառավարում էր հայազգի 20 տիկնանցից բաղկացած կոմիտեն, իսկ տնօրենը դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էր։ Հիվանդանոցի մասին տեղեկություններ կան անգամ «Երևանյան հայտարարություններ» թերթում: Պատերազմական բոլոր տարիներին հիվանդանոցը գործում էր, իսկ հայ հասարակության վերնախավի կանայք շարունակում էին իրենց բարեգործական աշխատանքը։ Այս մասին բազմաթիվ տեղեկություններ էին հրապարակում թերթերը՝ բարեգործների ցուցակների հատուկ նշումով, թե ով ինչպիսի հանգանակություն է արել զինվորների համար և ինչ չափով։ Հիվանդանոցն աշխատել է 1918-1920 թթ.։

ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության ԳՀ կենտրոնի բաժնի վարիչ Մարիետա Գասպարյանը, ով ուսումնասիրել է XIX դարավերջին և XX դարասկզբին Երևանում կառուցված ճարտարապետական բոլոր հուշարձան-շենքերը, «Ոստան» ռեստորանի շենքը համարում է մայրաքաղաքի ամենագեղեցիկ ու նրբաճաշակ կառույցներից մեկը:

Ասում են, որ 1918-1920 թթ. օրերից մի օր այստեղ տեղի է ունեցել զորահանդես, որը, Եղիազարյանի տան պատշգամբում կանգնած, ընդունում էին Անտանտի բարձրաստիճան հյուրերը: Իսկ հետո այդ նույն պատշգամբը, այս անգամ արդեն՝ կարմիր դրոշներով զարդարված, դարձավ բոլշևիկյան հռետորների ամբիոնը, որտեղից Աստաֆյան փողոցում՝ առանձնատան դիմաց հավաքված երևանցիներին հայտնեցին Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման լուրը: Այդ կադրերը կարելի է տեսնել վավերագրական ֆիլմերում ու հին լուսանկարներում։

1920-1937թթ. պատմական շենքում է գտնվել Հայաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեն, և մի շարք հայ ակնառու գործիչներ աշխատել են այստեղ որպես Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարներ:

1930-1936 թթ. շենքի պատմությունը շատ դեպքերում կապվում է Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի անվան հետ և սխալմամբ նշվում, որ սույն շինությունը եղել է Խանջյանի առանձնատունը: Պատմական առանցքային դեմքեր Գևորգ Ալիխանյանի, Սարգիս Լուկաշինի (Սրապիոնյան), Աշոտ Հովհաննիսյանի, Հայկ Հովսեփյանի, Հայկազ Կոստանյանի անունները ևս կապված են «Ոստան» ռեստորանի շինության հետ։ Այստեղ երկար տարիներ տեղակայված է եղել նաև Ստեփան Շահումյանի անվան պրոպագանդայի և քաղաքական լուսավորության տունը, իսկ 1981-ից սկսած՝ «Գիտություն» ընկերության վարչությունը։

Այսպիսով՝ Աբովյան 8 հասցեում գտնվող շքեղ շինության ստեղծման պատմությունն ու բազմաթիվ պատմական փաստերի ուսումնասիրությունն էլ ավելի են ամրացնում խորին ակնածանքը հայկական ստեղծագործ մտքի հանդեպ, իսկ մենք միտված ենք պահպանելու դարերից մեզ հասած ազգային, պատմամշակութային արժեքները։